Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը բացահայտորեն հաստատում է այն, ինչ վաղուց պարզ էր․ Հայաստանում իշխանությունը գործում է թուրք-ադրբեջանական ենթակայության տակ և նրանց քաղաքական հովանավորությամբ։ Երբ Անկարան հրապարակային աջակցություն է հայտնում գործող ղեկավարին և խոսում ՀՀ ընտրությունների «ցանկալի ելքի» մասին, դա ուղիղ միջամտություն է մեր ներքին քաղաքական կյանքին։
Քաղաքագիտության մեջ իշխանության լեգիտիմությունը ձևավորվում է ներհասարակական քաղաքական գործընթացների միջոցով։ Երբ իշխանության վերարտադրությանը հրապարակայնորեն աջակցում է թշնամի պետությունը, այդ լեգիտիմությունը դառնում է կախյալ և պայմանական։ Արդ, այն դադարում է գործել որպես ինքնիշխան քաղաքական սուբյեկտ և մեր դեպքում վերածվում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող հակահայկական իշխանության, ինչի մասին մենք խոսում էինք այսքան տարի։
Սա ինքնիշխանության մասին չէ, այլ դրա կորստի բաց և անհերքելի արձանագրում, սիրելի «ինքնիշխաններ» և «իրական Հայաստանի» սիրահարներ. ահա, սա է ձեր ինքնիշխանությունը, որը հրապարակայնորեն հավանություն ստացավ թշնամուց։ Վայելե՛ք։
Փայլակ Չոբանյան